ԱՆՀՀ-ն դրամաշնորհ է տրամադրել ՀԿՆ-ին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին տրամադրել է դրամաշնորհ դպրոցների զարգացմանն ուղղված իր «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու նպատակով։ «Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմանն ուղղված առանցքային ծրագիր է։
Համագործակցության մեկնարկը պաշտոնապես նշանավորվել է ՀԿՆ գրասենյակում տեղի ունեցած ստորագրման արարողությամբ։
Դրամաշնորհը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին թույլ կտա «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրվել են որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։
Ընդլայնելով ազդեցությունը Հայաստանի ամբողջ տարածքում
2025 թվականի սեպտեմբերի դրությամբ «Սերունդ» ծրագիրն ընդգրկել է ավելի քան 1,600 աշակերտի, 190 ուսուցչի, 16 դպրոցների տնօրենների և ավելի քան 3,000 ծնողի՝ ձևավորելով Հայաստանի 5 մարզերում գործող դպրոցների և մանկապարտեզների ցանց։
ԱՆՀՀ աջակցությամբ ծրագիրն այժմ կընդլայնվի՝ ներառելով նոր դպրոցներ և ներդնելով դպրոցների զարգացման արդյունավետ ու ապացուցված մեթոդներ կրթական աջակցության առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի ընդլայնումը կնպաստի դասավանդման որակի, աշակերտների ներգրավվածության և դպրոցների ղեկավարության կարողությունների ամրապնդմանը Հայաստանի հանրակրթական համակարգում։
Ներդրում Հայաստանի կրթական ապագայի մեջ
Դրամաշնորհն արտացոլում է Հայաստանի կրթական հաստատությունների զարգացման և ապագա սերունդների համար երկարաժամկետ հնարավորությունների ստեղծման նպատակով նորարարական լուծումներին աջակցելու հանձնառությունը։
«Կրթությունը երկրի ապագայի մեջ կատարվող կարևորագույն ներդրումներից է։ ՀԿՆ-ին և «Սերունդ» ծրագրին մեր աջակցությամբ մենք նպաստում ենք կրթական որակյալ միջավայրի հասանելիության ընդլայնմանը և Հայաստանի դպրոցների ու համայնքների կարողությունների ամրապնդմանը», — նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։
«Մենք շնորհակալ ենք ԱՆՀՀ-ին գործընկերության և կրթության մեջ փոփոխություններ կատարելու մեր ներուժի հանդեպ վստահության համար։ Այս աջակցությունը մեզ կտա «Սերունդ» ծրագրի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն՝ այն հասանելի դարձնելով ավելի շատ դպրոցների և համայնքների, աջակցելով ուսուցիչներին, աշակերտներին և ընտանիքներին։ Դրամաշնորհը կօգնի հանուն երեխաների իրականացվող մեր աշխատանքին՝ ուղղված ավելի լավ արդյունքների ու երկարաժամկետ փոփոխությունների ապահովմանը», — նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
ԱՆՀՀ-ն և ՀԿՆ-ն կշարունակեն համագործակցել կրթական հնարավորությունների ընդլայնման, տեղական առաջնորդության զարգացման և Հայաստանի երկարաժամկետ առաջընթացին նպաստող նախաձեռնությունների շուրջ։