«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամը ստեղծվել է ավելի կենսունակ, դիմակայուն և բարգավաճող Հայաստան կառուցելուն նպաստելու համար՝ խթանելով Հայաստանի կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային վերափոխումները։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամը «Աֆեյան հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղն է։ Սկսած 2000 թվականից՝ Նուբար և Աննա Աֆեյանները նախագծում և ստեղծում են նորարարական կազմակերպություններ կամ աջակցում են այդպիսի նախաձեռնություններին կրթության, գիտության, տեխնոլոգիաների և մարդասիրական գործունեության ոլորտներում: «Աֆեյան հիմնադրամի» գործունեությունը գլոբալ է, իսկ AIFA-ն կենտրոնանում է հայաստանյան նախաձեռնությունների վրա։
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Երկու տասնամյակից ավելի մեր ընտանիքը ձգտել է աջակցել դիմակայուն և զարգացող Հայաստան կառուցելուն, որպեսզի այն լինի նորարարությունները խրախուսող, ներառականությունը խթանող և բոլոր քաղաքացիների բարօրությունն առաջնահերթ համարող երկիր։
Մենք դա արել ենք նորարարական մի շարք նախագծերի և շարունակական համագործակցությունների միջոցով։ Հարգելով մեր անցյալը և ձգտելով դեպի ապագա՝ մեր նպատակն է, որ գոյատևման օրակարգով Հայաստանը միջազգային ասպարեզում արագորեն վերափոխվի կայուն ու ծաղկող երկրի։
Սկսած մեր առաջին նախաձեռնություններից՝ «Հայաստան 2020»-ից, «ԵրազԱրտ»-ից և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, մինչև շարունակվող նախագծերը՝ FAST-ը, ՀԵՆԱՐ-ը, Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն ու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, մեր նվիրվածությունը Հայաստանի ապագային մնում է անսասան։
20 տարուց ավելի մենք իրականացրել ենք տասնյակ նախագծեր՝ շատերը IDeA հիմնադրամի հետ համագործակցությամբ, և այդ բոլոր ծրագրերի առանցքում դրել ենք Հայաստանի երեխաների ու գալիք սերունդների համար ավելի լավ ապագա ապահովելու նպատակը։
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի ստեղծումն ընդգծում է մեր նվիրվածությունը Հայաստանի պայծառ ապագային։ Այս նախաձեռնության միջոցով մենք ձգտում ենք ամրապնդել մեր ընթացիկ աշխատանքները, իրականացնել նոր ծրագրեր և ստեղծել ազդեցիկ գործընկերություններ ու համագործակցություններ։ Օգտագործելով շահագրգիռ տարբեր կողմերի հավաքական փորձը և ռեսուրսները՝ մենք ձգտում ենք հասնել դրական փոփոխությունների առողջապահության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում։
AIFA-ի միջոցով ցանկանում ենք աշխատել մյուսների հետ՝ խթանելով Հայաստանի ու ամբողջ աշխարհի հայերի առաջընթացն ու բարգավաճումը։
-
Նուբար Աֆեյան
-
Աննա Աֆեյան Գուննարսոն
Նորություններ
Կապ
Հաշվի առնելով մեր կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ ընթացիկ հանձնառությունները՝ մենք այս պահին չենք ընդունում դրամաշնորհների կամ ֆինանսավորման առաջարկներ: Ընդհանուր հարցերի համար խնդրում ենք լրացնել ստորև: