Իրինա Սեյլանյանը նշանակվել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (ԱՆՀՀ) հիմնադրամի գործադիր տնօրեն

Երևան, Հայաստան, 26.06.26 — «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (ԱՆՀՀ) հիմնադրամն ունի գործադիր նոր տնօրեն։ Իրինա Սեյլանյանը կղեկավարի Հայաստանի երկարաժամկետ բարգավաճմանը, դիմակայունությանն ու աշխարհում մրցունակ լինելուն ուղղված վերափոխիչ նախաձեռնությունները զարգացնելու ջանքերը։ Տիկին Սեյլանյանը կփոխարինի Դալար Կազանջյանին, ով տարվա սկզբին հեռացել էր գործադիր տնօրենի պաշտոնից անձնական պատճառներով՝ շարունակելով գործունեությունը որպես խորհրդական։

Իրինա Սեյլանյանը Հայաստանում և արտասահմանում 25 տարուց ավելի աշխատել է ֆինանսական ոլորտում՝ ձեռք բերելով ռազմավարական կառավարման հարուստ փորձ։ Գործադիր տնօրենի պաշտոնում նա կառաջնորդի ԱՆՀՀ-ի ռազմավարական ծրագրերի մշակումը, իրականացումն ու գործընկերային կապերը՝ աշխատելով Հայաստանի և աշխարհի հայության շահագրգիռ բոլոր կողմերի հետ։

«Իրինան առաջնորդության, ռազմավարական տեսլականի և Հայաստանի ապագայի հանդեպ խորը պատասխանատվության բացառիկ համադրություն ունի։ Գործընկերություններ կառուցելու, բարդ նախաձեռնություններ զարգացնելու և ղեկավարելու նրա փորձը մեծապես կօգնի առաջնորդել երկարաժամկետ փոփոխություններին միտված մեր ջանքերը։ Ողջունում ենք նրան նոր պաշտոնում։ Շնորհակալ ենք Դալարին առաջնորդության համար և ուրախ ենք, որ նա կշարունակի իր գործունեությունն ԱՆՀՀ-ում՝ որպես խորհրդական», — ասել են Աֆեյան հիմնադրամի հոգաբարձուներ Նուբար և Աննա Աֆեյանները։

Նախքան նոր նշանակումը՝ տիկին Սեյլանյանը HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենն էր: Դրանից առաջ՝ HSBC Մալթայի միջազգային շուկաների դեպարտամենտի և HSBC Bank Plc (Մեծ Բրիտանիա)-ի կարգավորող ռիսկերի ծրագրերի ղեկավարը։ Իրինա Սեյլանյանը նաև հոգաբարձուների խորհրդի անդամ է մի քանի կազմակերպություններում․ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի՝ ԶԻՆԱՊԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Հայաստանի ազգային վճարային համակարգի (ArCa) և Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի (AmCham) խորհրդի անդամ:

«Այս կարևոր ժամանակահատվածում ԱՆՀՀ-ին միանալն ինձ համար մեծ պատիվ է։ Ինձ ոգեշնչում է կազմակերպության առաքելությունն ու Հայաստանի համար ավելի հզոր ապագա կառուցելու հանձնառությունը։ Անհամբեր սպասում եմ մեր գործընկերների, աջակիցների և համայնքների հետ համագործակցությանը՝ ընդլայնելու մեր ազդեցությունը և նպաստելու Հայաստանի բացառիկ ներուժի լիարժեք իրացմանը», — ասել է Իրինա Սեյլանյանը:

 «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» կազմակերպության մասին

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (ԱՆՀՀ) հիմնադրամը 2000 թվականին հիմնադրված «Աֆեյան» հիմնադրամի մասնաճյուղն է։ ԱՆՀՀ-ն ծառայում է ավելի կենսունակ, դիմակայուն և բարգավաճ Հայաստան կառուցելուն՝ խթանելով Հայաստանի կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային վերափոխումները։

Կապ մամուլի հետ՝

Դավիթ Սարգսյան

Dsargsyan@afeyanfoundation.org