ԱՆՀՀ-ն հյուրընկալել է MISTI Armenia ծրագրին մասնակցող ուսանողներին

          

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (ԱՆՀՀ) հիմնադրամում ուրախ էինք հյուրընկալել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներին, որոնք Հայաստանում մասնակցում են «Աֆեյան հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող MISTI Armenia ծրագրին։ Ուսանողներին ողջունել է ԱՆՀՀ գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

MISTI Armenia ծրագիրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներին կապում է Հայաստանում գործող առաջատար ընկերությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների հետ։ Ծրագիրն իրականացվում է ամռանը և տևում 8–12 շաբաթ։

«MISTI Armenia ծրագիրն իրականացվում է «Աֆեյան հիմնադրամ»-ի աջակցությամբ՝ խրախուսելով ուսանողներին այցելել Հայաստան, նպաստելով փորձի փոխանակմանը։ Տարբեր նախագծերի և նորարար մոտեցումների միջոցով մենք ձգտում ենք խթանել համակարգային փոփոխություններ առողջապահության, գիտության, կրթության ոլորտներում», — ասել է Իրինա Սեյլանյանը։

Այս տարվա մասնակիցները ներկայացնում են ակադեմիական տարբեր ոլորտներ՝ քիմիա, մաթեմատիկա, քաղաքագիտություն, կենսաբանություն և այլն։

MISTI Armenia ծրագիրը ամրապնդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և հայկական հաստատությունների միջև կապերը՝ խթանելով գիտելիքի փոխանակումը, համագործակցությունը և ուսուցումը։ Սրա շնորհիվ հայկական կազմակերպությունները հնարավորություն են ստանում համագործակցել տաղանդավոր ուսանողների հետ, կիսվել իրենց փորձով և ձևավորել երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցության նոր հնարավորություններ։