«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին

Դրամաշնորհներ տալով Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններին, ներառյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին

Երևան, Հայաստան, 2024 թվականի սեպտեմբերի 23 – Ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ ձևավորելու և դրանք առաջ մղելու առաքելությամբ գործող «Աֆեյան» հիմնադրամն այսօր հայտարարեց Արցախից ավելի քան 100,000 տեղահանված անձանց աջակցելու համար նախկինում հայտարարված 2 միլիոն ԱՄՆ դոլարի տեղաբաշխման ավարտի մասին: Այս ծրագիրը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանն աջակցելուն ուղղված Աֆեյանների ընտանիքի նախորդ նախաձեռնությունների շարունակությունն է։

«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է դաժան և աներևակայելի ճնշումների, և էթնիկ զտման հետևանքով իրենց տներից բռնի վտարվելուց հետո այժմ կանգնած է իր համար նոր միջավայրում կյանքը վերսկսելու իրողության առջև»,- ասում են «Աֆեյան» հիմնադրամի հոգաբարձուներ Նուբար և Աննա Աֆեյանները. «Արցախի ժողովուրդն ունի հանրային և մասնավոր հատվածների լայնածավալ աջակցության կարիքը, որպեսզի ստանա փրկությունից վերածնունդ, այնուհետև՝ դեպի բարգավաճում ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու օգնությունը»:

Աֆեյանները նշել են. «Մենք ոգեշնչված ենք կազմակերպությունների և անհատների ստվար խմբի ջանքերով, որոնք անդադրում աշխատում են Արցախի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Մենք նաև ուրախ ենք ունենալ մեր համեստ ներդրումն այս իրավիճակից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնելու և ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար լինելու գործում»:

Վերջերս «Աֆեյան» հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի իրականացման համար: Դրանք  կկենտրոնանան առավել խոցելի խմբի՝ երեխաների և դեռահասների հետ աշխատանքների վրա: Ծրագիրը գործելու է 18 ամիս և ուղղված է լինելու հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև սոցիալական ներառման հնարավորությունների բարելավմանը հատկապես այն տարածքներում, որտեղ նման ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է: Ծրագրի նպատակն է օգնել դեռահասներին և նրանց խնամակալներին՝ տրամադրելով համակարգային աջակցություն, ինչն անհրաժեշտ է տրավմայի և սթրեսի դեմ պայքարելու, հասարակության մեջ թիրախավորումները նվազեցնելու և հյուրընկալող համայնքներում հոգեկան բարեկեցությունն  ու սոցիալական համախմբվածությունը խթանելու համար:

Բացի այդ, մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հիմնական կարիքների բավարարման, բժշկական և հոգեսոցիալական օգնության տրամադրման և ավելի երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծման նպատակով «Աֆեյան» հիմնադրամը ֆինանսավորել ու աջակցել է ստորև նշված հայկական կազմակերպություններին և ծրագրերին.

  • AIWA – EmpowerPath ծրագիր՝ ուղղված Արցախի կանանց հմտությունների զարգացմանը, աշխատանքի հնարավորությունների տրամադրմանը և ձեռներեցության աջակցությանը:
  • AGBU – Ծրագրերը ներառում են Նաիրի ճամբարի ընդլայնում, Արցախի տեղահանված բնակչության աշխատունակության բարձրացմանն ուղղված հմտությունների զարգացման ծրագրեր, ձմեռային մարդասիրական և անհապաղ օգնություն և Հայաստանում տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ CIVITTA կազմակերպության ուսումնասիրություն:
  • American University of Armenia / US Embassy – Անգլերենի ուսուցման ծրագիր Շիրակի մարզում հանգրվանած երիտասարդների համար:
  • Armenia Artsakh Fund – Տեղահանված արցախցիներին դեղորայքի և մարդասիրական օգնության տրամադրում:
  • Armenian Spiritual Revival Foundation – Արցախի տեղահանված բնակչությանը հոգեկան առողջության բարելավման խմբային և համայնքային ծառայությունների մատուցում և տեղացի մասնագետների համար հոգեբանական-սոցիալական վերապատրաստման ծրագրերի կազմակերպում:
  • AYB School – 10 արցախցի աշակերտի համար կրթաթոշակների տրամադրում:
  • Children for Armenia Foundation (COAF) – Աջակցություն «Հույս Արցախի համար» նախագծին, որի առանցքում վաղ մանկական զարգացումն է, դպրոցական ինտեգրումը և COAF-ի SMART կենտրոնի հասանելիության ապահովումը, ինչը ներառում է արտ-թերապիայի դասընթացներ և փախստականների կարիքներին հարմարեցված այլ հնարավորություններ:
  • Teach for Armenia – «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիր՝ ուղղված նոր միջավայրում արցախցի ուսանողների ինտեգրմանը: Այն ներառում է մանկավարժների վերապատրաստում, արտադպրոցական միջոցառումներ, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն, ինչպես նաև՝ ուսանողներին ակադեմիական օգնության տրամադրում:
  • UWC Dilijan – Արցախից երկու ուսանողի համար երկու տարվա կրթաթոշակի տրամադրում, ինչպես նաև 10 ուսանողի ամառային ճամբարի ֆինանսավորում:

«Աֆեյան նախաձեռնությունները Հայաստանի համար» (AIFA) զարգացման հիմնադրամը, որի առաքելությունն է ավելի կենսունակ, տոկուն և բարգավաճ Հայաստանի կառուցումը, վերահսկելու է նշված դրամաշնորհներով իրականացվող աշխատանքները:

 

«Աֆեյան» հիմնադրամի մասին

Նուբար և Աննա Աֆեյանների կողմից 2000 թվականին հիմնադրված «Աֆեյան» հիմնադրամը հավատում է, որ մեր երևակայությունն ու համայնքներն ի զորու են ստեղծել ավելի լավ աշխարհ բոլորի համար: Հիմնադրամը ստեղծում, ձևավորում և աջակցում է նորարարական կազմակերպություններին ու հանդես է գալիս նախաձեռնություններով կրթության, գիտության ու տեխնոլոգիաների և հումանիտար ոլորտներում: Հիմնադրամի ծրագրերն իրենց ազդեցությունն են ունենում աշխարհի տարբեր հատվածներում, ներառյալ՝ Հայաստանում և Բոստոնում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.afeyanfoundation.org

 

ԶԼՄ-ները կարող են ցանկացած հարցով գրել հետևյալ էլ.հասցեով

lkline@afeyanfoundation.org